ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին` սննդակարգի նոր առաջարկներով

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին` սննդակարգի նոր առաջարկներով
04.06.2026 | 21:15

Գիտեմ՝ այս նամակն էլ «առ եք համարելու», ինչպես «առ եք համարել» հազարավոր ողջամիտ մարդկանց զգուշացումները՝ «Նիկոլ, կանգ առ»: Մեր իմաստուն Տեր, գիշեր-ցերեկ խորհում եմ Ձեր դեռեւս չօգտագործված հնարավորությունների մասին։ Դուք, իհարկե, ունեք պրպտուն միտք և անսպառ եռանդ, բայց բաներ կան, որ հազիվ թե մտքովդ անցած լինի։ Ականջ արա՝ ասեմ։ ՈՒղիղ ճանապարհներ կան, որ տանում են դեպի այն գագաթը, որին արդեն սովոր ես, բայց որից անդին անհատակ անդունդն է...

Երկար եմ մտածել՝ ինչ է պակասում Ձեր արդեն գրեթե հավերժ կառավարմանը։ Եվ գտել եմ։ Մի բան կա, որ չեք արել, բայց պետք է անպայման անեք։ Մինչև վերջ կարդացեք գիրս։

Գլխավորը վերջում է։

Սկսեմ ամենապարզից։ Ձեր ուրախ ավտոբուսում սեղանը թերի է` կերուխումի ցանկը առաջարկում եմ լրացնես կարևոր բաղադրիչով` արևածաղկի սերմեր` սեմուշկա։ Պեռաշկի, կուկուռուզ, սուջուխ, կարտոլ շարքի հաջորդը սեմուշկա չրթելն է։ Չրթել, թքել գետնին։ Թող ժողովուրդը տեսնի, թե ինչ հանգստությամբ եք չրթում-թքում։ Ի՜նչ վստահությամբ։ Եվ կհասկանա՝ սրանք հասարակ տղաներ չեն, սրանց դեմ խաղ չկա։ Մարդիկ կմտածեն՝ «Սրանք մարդիկ են, որոնք չեն թաքցնում իրենց ուժն ու հունարը», հետն էլ մեր պես սեմուշկա են չրթում։ Չրթեք ու կլեպը պարտադիր թքեք։ Թող պատկերն ամբողջական լինի։ Բայց սեմուշկան ներքին սպառման համար է, այ, միջազգային հանրությանն ուղղված սննդատեսակների առումով առաջարկում եմ խոզի տոտոխը։ Այ թե նորություն կլինի։ Խոզի տոտոխն արդեն քաղաքական հայտարարություն է։ Բաց, կոպիտ, անթաքույց, համարձակ, որ անչափ սազում է Ձեր բնույթին։ Դուք ասում եք՝ «ես ինքնիշխան եմ ու խաղաղություն եմ բերել»։ Եվ Ալիևը, գերտերությունների ղեկավարները նայում են, թե ինչպես եք խոզի տոտոխ ոչնչացնում։ Հանգիստ։ Հաճույքով։ Ցուցադրաբար։

ՈՒ հասկանում են՝ այս մարդը վախ չունի ոչնչից։ Ո՛չ հավատքի, ո՛չ ավանդույթի հետ կապված ոչ մի խնդիր: Ալիևը կարո՞ղ է տեսախցիկների առաջ խոզի տոտոխ ուտել, իհարկե` ոչ:

Հաջորդ մարտահրավերը` պատվիրեք խոզի խանձած գլուխ կամ տավարի քյալլա ու բոլորի առաջ վայելեք` քաղաքական թատրոնը կհասնի իր գագաթնակետին։ Վարչապետ, կառավարության գլուխ, խոզի տոտոխ, տավարի գլուխ։

Ոչ միայն սնունդ կլլել կլինի դա, այլև քաղաքական ուժեղ ուղերձ։ Ալիևը կտեսնի, թե ինչպես է Հայաստանի վարչապետը խոզի ոտ ու տավարի գլուխ ծամում և այլևս երբեք չի համարձակվի նույն սեղանի մոտ նստել նրա հետ։ Չի կարող։ Չի նստի։ Կընդունի իր պարտությունը` ոչ թե պատերազմում, այլ՝ սեղանի շուրջ։ Դուք ուտում եք այն, ինչին ինքը չի դիպչում։ Դուք անցնում եք այն սահմանը, որն ինքը չի անցնի։ Սա է ձեր «հաղթանակը»։ Թող վախենա։ Իսկ Դուք շարունակեք ուտելը։

Վերջ, խփեցիք տասին:

Մի փոքր գործնական դիտարկում էլ։ Ձեր ավտոբուսում անձեռոցիկ չկա։ Ձեռքերն ինչո՞վ եք սրբում։ Ժողովուրդը տեսնում է՝ դուք ուտում եք, յուղը հոսում է։ Գուցե հենց դա է ձեր կառավարման մոդելը։

Հիմա՝ մի այլ հարց։

Ձեր գովազդային վահանակները կիսադատարկ են։ Ինչու՞։

Լցրե՛ք։

Դարեհից ինչո՞վ եք պակաս:

Նա Բիհիսթունյան ժայռի վրա էր գրում, դուք պաստառի վրա գրեք։ Օրինակ․

«Պարտվեցինք՝ պետություն ունեցանք»,

«Արցախը թոկ էր վզներիս»,

«Ինչքան հարկ տալիս եք՝ միայն շահում եք»,

«Ինչքան պարտվում ենք՝ այնքան հաղթում ենք»: Տիեզերական մտքեր՝ դարերի ծիրում հիշատակելի: Դրանք էլ ձեր «Բիհիսթունյան» ժայռագրությունները կլինեն։

Հիմա՝ ամենակարևորը։

Դուք ինքներդ եք ասել՝ եթե չընտրվեք, պատերազմ է լինելու։

Այսինքն՝ Դուք եք խաղաղությունը։

Դուք եք պատերազմը։

Դուք եք պետությունը։

Դուք եք սահմանադրությունը, օրենքը, դրոշը, հիմնը։ Ամենը։

Այս դեպքում՝ ինչու՞ ընտրություններ։ Ինչու՞ նման ձևականություններ։ Ինչու՞ ավելորդ թատրոն:

Մեր վսեմափայլ տեր, մի հրաման տուր` կարճ, հատու, սառը, վերջնական.

«Հայաստանում այսուհետ ընտրություններ չեն անցկացվելու»։

Վերջ։

Ո՞վ ինչ պիտի ասի։

Ալի՞ևը:

Արդեն տեսել է խոզի գլուխը։

Պուտի՞նը` ղալաթ կանի: Շատ-շատ...Դե, գիտեք, էլի... Իսկ Ձեր հավատացյալ զանգվածը շռնդալից կծափահարի։

Մյուսնե՞րը: Թքած։ Թող խոսեն: Սեմուշկա է։ Չրթեք՝ էթա...

Գագիկ ՀՐԱՏԱՊ

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ